Արևմտյան քաղաքական գործիչները միայն երազել կարող են այն վարկանիշի մասին, որ ունի ՌԴ նախագահ Պուտինը, այնուամենանիվ, նա չի ցանկանում այդ թվերը ստուգել ռեալ մրցակցությամբ` գրում է The Washington Post-ը` մեկնաբանելով Ալեքսեյ Նավալնուն չգրանցելու ԿԸՀ-ի որոշումը։ Մոսկվայի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նավալնին 2013-ին ստացավ ձայների 27 %-ը, YouTube-ում վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեմ նրա փաստարկները 25,7 միլիոն դիտում ունեցան։ Այնուհանդերձ` Մոսկվայում կարծում են, որ Պուտինը հեշտությամբ կհաղթի Նավալնուն։
Պուտինը գերադասում է «պոտյումկինյան քվեարկություն», որտեղ նրա մրցակիցները երկու հավերժական թեկնածուներ են` կոմունիստ և ուլտրաազգայնական, և 36-ամյա Քսենիա Սոբչակը, որ ընտրություններն անվանել է «բարձրբյուջետային շոու»։ Նավալնին ընտրությունները բոյկոտելու կոչ է արել, դա կարող է Կրեմլի հայտարարած 70- տոկոսանոց մասնակցությունը անհնար դարձնել, եթե խախտումներ չլինեն։ Ինչո՞վ բացատրել Պուտինի, թվում է, կասկածելի մարտավարությունը։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ նրա ստեղծած ավտորիտար վարչակարգը պահանջում է ոչ թե համոզիչ ժողովրդավարական հաղթանակ, այլ` ուժի ջախջախիչ ցուցադրություն։ ՈՒղերձը մեկն է` այլընտրանք չկա։ Պուտինը ժողովրդի աջակցությունը փորձում է ստանալ ազգայնական արկածախնդրության միջոցով, բայց իրավիճակը կարող է փակուղի մտնել։
Պուտինի փորձերը` ձեռնտու պայմանավորվածությունների հասնել ՈՒկրաինայի արևելքում ու Սիրիայում, շատ դժվար են առաջ գնում։ Պուտինը Նավալնուց զգուշանալու ավելի շատ պատճառներ կարող է ունենալ, քան կանխատեսում են հարցումների թվերը։
The Washington Post
Հ.Գ. Սիրիայի ընդդիմադիր և ապստամբ 40 խմբեր հայտարարել են, որ մերժում են ՌԴ նախաձեռնած բանակցությունների առաջարկը: «Սիրիական ազգային երկխոսության կոնգրես» բանակցությունները նախատեսված են Սոչիում, հունվարի 29-30-ը: Սիրիայի ընդդիմադիր ուժերը Մոսկվային մեղադրել են Սիրիայում «պատերազմական հանցագործությունների», Սիրիայի կառավարության վրա բավականաչափ ճնշում չգործադրելու մեջ՝ 6 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմն ավարտելու համար: Նրանք հայտարարել են, որ բանակցությունները փորձ են շրջանցելու ՄԱԿ-ի առաջնորդած խաղաղության բանակցությունները։ Իսկ Համա քաղաքի մոտակայքում ահաբեկիչները սիրիական ռազմական ինքնաթիռ են խոցել: Հաշտեցման հարցերով հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչները նախօրեին Սիրիայում հրադադարի ռեժիմի 10 խախտում են արձանագրել: ՈՒկրաինայում ևս առաջընթաց չկա։ Բայց դա չի նշանակում, որ Պուտինը չի հաղթի։ Գլխավոր խնդիրը ռուսաստանցիներին ընտրատեղամասեր տանելն է։ Միջազգային ասպարեզում իր դիրքերն ապահովելու համար ՌԴ նախագահին ներքին լեգիտիմության բարձր թվեր են պետք։ Վստահ եղեք, որ նա կհասնի այդ թվերին։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ